Առնվազն մինչև Գյումրի չհասնելու պարագայում «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, ուղղակի իմաստը կորցնում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այսինքն եթե արևելքից ենք շարժը նկարագրում, եթե չի մտնելու Հայաստան, անցնի Հայաստանի հարավով, եթե երկաթուղին մտնում է Հայաստանի հարավ, անցնում է Հայաստանով, մտնում է Նախիջևան և չի շարունակվում Իջևանով և Երասխով չի մտնում, նորից Հայաստանում հասնում ինչ-որ մի տեղ, ապա իմաստ չունի։
Հասկանում եմ այդ շահարկումների տակ էլ ինչ կա, իբրև թե Ադրբեջանը կսկսի այդ կտորը օգտագործել և հետո մեզ չի տա հնարավորություն, որպեսզի մնացածը գործի։ Այս ամբողջը հիմնված է փոխշահավետության վրա, այս ամբողջը ունի մի երաշխիք, մի մեխանիզմ, որը հնարավոր է դարձնելու և այդ մի երաշխիքը փոխշահավետությունն է։ Մեզ էլ է պետք, որ այդպես լինի, իրենց էլ է պետք։ Եթե հիմա իրենք չտվեցին այն կտորը, չաշխատեց այն մյուս կտորը, իմաստը չկա ուղղակի։
Նաև հասկանում եմ որոշ օբյեկտիվ մտահոգություններ, վախեր կան երևի անցած տարիների դառը պատմությունից, բայց այդ դառը պատմությունը էլ ախր մեր ընկալումների և այլնի հետևանք է»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է տեսակետին, որ «Թրամփի ուղին» չի կարող կառուցվել ու կառավարվել առանց Ռուսաստանի համաձայնության, քանի որ Հարավկովկասյան երկաթուղին ռուսներին է տրված կոնցեսիոն կառավարման, ԱԳ նախարարն ասաց. «Հարավկովկասյան երկաթուղիների կոնցենսիոն կառավարման են հանձնված։ Այսինքն այն ինչ որ կա որպես երկաթուղային ենթակառուցվածք և գործում է, դա տրված է կոնսենսիոն կառավարման։ Իսկ այն, ինչը դեռ չկա, ո՞նց կարող է տրված լինի տարիներ առաջ կոնսենսիոն պայմանագրով։ Այո, այս մասին մեր դիրքորոշումը ռուսական կողմին հայտնվել է, միևնույն ժամանակ նույն ռուսական կողմի հետ քննարկվել են և դեռ կքննարկվեն համագործակցության շատ հետաքրքիր նոր մեխանիզմներ և ուղղություններ»։