Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը Երևան կվերադառնա հոկտեմբերի 28-ին, ժամը 19։00-ին։ Այդ օրը Նիկոլի բռնատիրական ռեժիմը նրան կկալանավորի։ Դատարանի համապատասխան վճիռը, միանգամայն կեղծ ու շինծու գործով, արդեն իսկ կայացված է՝ Դավիթ Համբարձումյանն ապօրինի դատապարտվել է 6 տարի, 3 ամիս ազատազրկման մի միջադեպի համար, որի ոչ մի մասնակից կամ տուժող որևէ քրեական գործում չկա։ Շատերը դա կոչում են նոնսենս, իսկ մենք՝ քաղաքական հետապնդում։ Նման հայտարարություն է տարածել «Արթուն ենք» շարժումը։
Հայտարարությունում նաև Նշվում է. «Նիկոլի ու դավաճան իշխանությունների մոտիվները մեզ համար պարզ են։ Դրանց հիմքում աթոռազրկվելու, իշխանությունը կորցնելու վախն է։ Եվ այդ վախը հիմնավոր է։ Ինչպես իր հայտարարության մեջ նշել է Դավիթ Համբարձումյանը, Նիկոլի ու նրա դատաիրավական համակարգի որոշումները ոչինչ չեն փոխում։ Պայքարը շարունակվում է և մենք հասնելու ենք մեր նպատակին։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին»։