Չինաստանում գիտնականները հայտնաբերել են հնագույն հարվածային խառնարան, որն առաջացել է մոտ 10 000 տարի առաջ՝ շուրջ 30 մետր տրամագծով աստերոիդի հետ բախման հետևանքով, գրում է South China Morning Post-ը։
Խառնարանը գտնվում է Գուանդուն նահանգում՝ Չժաոցին քաղաքի մոտակայքում, և դարձել է Չինաստանի տարածքում հաստատված հինգերորդ հարվածային խառնարանը և առաջինը երկրի հարավային մասում։
Հետազոտողների տվյալներով, բախման հետևանքով անջատված էներգիան հսկայական է եղել․ 600 000 տոննա տրոտիլին համարժեք, ինչը համապատասխանում է մոտ 40 ատոմային ռումբերի հզորությանը՝ նման Հիրոսիմայի վրա նետվածին։ Խառնարանն ունի մոտ 900 մետր տրամագիծ և գտնվում է բլրի լանջին։ Խառնարանի շրջակայքի երկրաբանական շերտերի և հանքանյութերի վերլուծությունը հաստատել է դրա աստերոիդային հարվածից առաջացած լինելը, ինչպես նաև թույլ է տվել հետազոտողներին ճշտել դրա տարիքը և ավերածությունների մասշտաբը։
Գիտնականները նշում են, որ նման խառնարանի հայտնաբերումը ոչ միայն լրացնում է տարածաշրջանի երկրաբանական պատմության ըմբռնումը, այլև արժեքավոր տվյալներ է տրամադրում տիեզերական մարմինների հետ ապագա բախումների ռիսկերը գնահատելու համար։ Ըստ մասնագետների, հնագույն հարվածների ուսումնասիրությունն օգնում է կանխատեսել աստերոիդների հնարավոր անկումների հետևանքները և մշակել Երկիրը պաշտպանելու ռազմավարություններ։
Բացի այդ, Գուանդունի խառնարանը ցույց է տալիս, որ նույնիսկ համեմատաբար փոքր աստերոիդները կարող են հսկայական ավերածություններ առաջացնել, եթե Երկրի հետ բախվում են որոշակի անկյուններով և բարձր արագությամբ։ Այս հայտնագործությունը ուշադրություն է հրավիրում տիեզերական մարմինների մշտական դիտարկման կարևորության վրա, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել մոլորակին։