Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել համախմբվել և համերաշխություն դրսևորել, ինչպես նաև մասնակցել հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում նախատեսված ակցիային, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
«Հոկտեմբերի 26-ից գրեթե մեկ տարի է անցել։ Այս տարին շատ ցավոտ է հասարակության համար, քանի որ մենք ռեժիմի կողմից տեսանք հիստերիկ ռեպրեսիաներ, որոնք ոչ միայն շարունակվում են, այլև այս օրերին դարձել են ավելի դաժան։ Նրանք փորձեցին իրավիճակը տեղափոխել ոչ խաղաղ սցենարի, բայց ռեժիմին դա էլ չհաջողվեց և բոլոր միջոցներով՝ ձերբակալելով, տուգանելով և անմեղ մարդկանց վախեցնելով, նրանք փորձում են ճնշել շարունակվող բողոքի ցույցը։
Ռեպրեսիաներն ու ռուսական նոր օրենքները շարունակվում են։ Այս ռուսական մոդելը տարածվում է ամեն ինչի վրա և այժմ մենք սպասում ենք մի օրենքի ընդունմանը, որը կարգելի ընդդիմադիր կուսակցություններին և դրանց անդամներին զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Սա այս քաղաքական բռնաճնշումների և ռուսական սցենարի զարգացման հաջորդ փուլն է, որը մենք դիտարկել ենք ամբողջ տարվա ընթացքում, ինչն ավելի արագ է եղել, քան այդ ժամանակվա Ռուսաստանում։
«Վրաստանը Ռուսաստանի տարածքի մաս է կազմում, քանի որ այստեղ են ժամանում պատժամիջոցների տակ գտնվող նավեր, որոնք էլ իրենց հետ բերում են պատժամիջոցների տակ գտնվող նավթը։ Մենք դարձել ենք ուղի, որի միջոցով Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և դրա պատճառով Վրաստանը վերածվում է մոխրագույն հանցավոր գոտու, որտեղ ամեն ինչ հնարավոր է», - մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի նախկին նախագահը։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները այս տարվա ընթացքում ոչնչի չեն հասել։
«Այն («ռեժիմը» - խմբ.) միջազգային մեկուսացման ճեղքում չի ապահովել։ Այն չի կարողացել ճնշել հասարակական բողոքները և չի կարող կառավարել երկիրը։ Այս երկիրն այլևս ոչ ոք չի կառավարում։ Ռեժիմը ռեպրեսիվ է, բայց այն արդեն երկիրը վերահսկող ռեժիմ չէ։ Գլխավորն այն է, որ մենք այսօր ականատեսն ենք այն բանի, թե ինչ է տեղի ունենում, երբ իշխանությունը ոչինչի չի հասնում և գալիս է նրա ավարտի պահը։ Սրանք ներքին վեճեր են։ Ինչպես էլ որ նրանք փորձեն դա ներկայացնել որպես հակակոռուպցիոն արշավ, իրականում դրանք ներքին քրեական կոնֆլիկտներ են։ Ռեժիմի ներսում լիակատար անվստահություն է տիրում հենց Իվանիշվիլիի և նրա մերձավոր մարդկանց միջև։ Այն վստահությունը, որի վրա կառուցվել էր այսպես կոչված թիմը, այլևս գոյություն չունի։»
Սա վերջին փուլն է, որը մենք դիտում ենք և մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ այն կարող է տևել դեռ որոշ ժամանակ, բայց մենք պետք է լինենք կայուն, այս ռեպրեսիաների դիմաց մենք պետք է էլ ավելի դրսևորենք այն համերաշխությունը, որը մեր գլխավոր հատկանիշն է և մենք իսկապես դա ցուցադրում ենք։
Հոկտեմբերի 26-ին մենք բոլորս կհավաքվենք միասին և ևս մեկ անգամ կհայտարարենք, որ բողոքը չի անհետանա, համերաշխությունը չի անհետանա և Վրաստանը հավերժ է», - հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։