Իրենք ներկայանում էին որպես համայնքի անդամներ և ինձ հորդորեցին, ասեցին, որ այլևս չեն ուզում այստեղ իմ ծառայությունը տեսնել, ես էլ պատասխանել եմ, որ իմ ծառայությունը այստեղ նշանակված է թեմակալ առաջնորդի կողմից։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին եւ նախկին քահանա Տեր Արամի ու քաղաքացիների հետ մի փոքր լարված իր զրույցին։
«Մեր եկեղեցին որևէ ընդհարումներ չի ուզում, մենք ուզում ենք ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծվի և ամեն ինչ իր տեղը ընկնի։ Սպառնալիքներ չեն եղել, Որպես համայնքի անդամներ ներկայացան, չգիտեմ, ինչքանով էին իրենք համայնքի անդամներ, ես տարուց ավել արդեն այստեղ ծառայում եմ, այստեղ պատարագների եմ, իրենցից ոմանց տեսել եմ, բայց շատերին էլ չեմ տեսել»,–ասաց նա։
Տեր Սարգիսը նշեց, որ այսօր էլ պսակադրություն է տեղի ունեցել, որն իրականացրել է նախկին քահանան. «Ես մտել եմ եկեղեցի, իմ աղոթքն եմ արել, դուրս եմ եկել, բայց քանի որ զույգը նախընտրել էր, որ պիտի աներ նախկին քահանան այստեղի, ես չեմ մոտեցել, չեմ խոչընդոտել, որևէ բանով չեմ խանգարել իրենց։ Դա իրենց որոշումն է, մենք իրենց նախապես զգուշացնում ենք, ասում ենք, բացատրում ենք, ընտրությունը իրենցն է»։
Տեր Սարգիսը հայտարարեց, որ այս կիրակի Հովհաննավանքում պատարագը մատուցելու է ինքը. «Մինչև կիրակի, կտեսնենք՝ ինչ կլինի»։
Իր հերթին փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց. «Մենք վստահ ենք, որ կիրակի օրվա համար էլ իրենք միջոցներ են ձեռնարկելու, որպեսզի պատարագը պատշաճ օրինավոր քահանայի կողմից չկատարվի և անօրինական պատարագ են կատարելու, որը և հոգևոր, և աշխարհիկ օրենքներով անթույլատրելի է լինելու։ Այսինքն, պատարագ, որը չի անելու օծյալ հոգևորականը, դա չի կարող վավեր համարվել, և այն մարդիկ, որոնք հավատք ունեն, իրենք հասկանում են, թե ինչ նզովքի տակ են ընկնելու, երբ որ գան այդ չակերտներով հաղորդություն ընդունեն։ Իսկ աշխարհիկ օրենքներով դա ուղղակի կրոնական ծեսի կատարման խոչընդոտում է, որը հանցագործություն է»։