Մոսկվայի պատասխանը կոշտ կլինի. Զախարովան` ռուսական ակտիվների օգտագործման մասին
Հոկտեմբերի 23, 2025

Մոսկվայի պատասխանը կոշտ կլինի. Զախարովան` ռուսական ակտիվների օգտագործման մասին

By Հոկտեմբերի 23, 2025 1

Ռուսաստանը չափազանց կոշտ և ցավոտ պատասխան կտա, եթե Եվրամիության երկրները ռուսական սառեցված ակտիվներն օգտագործեն Ուկրաինային այսպես կոչված «փոխհատուցման վարկեր» տրամադրելու համար։ Այս մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան արևմտյան գործընկերներին բազմիցս զգուշացրել է նման քայլերի հետևանքների մասին և համագործակցության պատրաստակամություն է ցուցաբերել նույնիսկ պատժամիջոցների ճնշման պայմաններում: 

«Պատասխանը լինելու է շատ կոշտ և շատ ցավոտ։ Մենք երկար ժամանակ զգուշացրել ենք, բացատրել և ագրեսիվ դիրքորոշում չենք որդեգրել՝ ելնելով համագործակցության առաջնահերթությունից նույնիսկ ներկա պայմաններում», - ընդգծել է Զախարովան։ 

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը կտրուկ միջոցներ չի ձեռնարկել 2022 թվականին երկիրը լքած օտարերկրյա ընկերությունների դեմ, ինչը, նրա խոսքով, վկայում է Մոսկվայի խաղաղասիրական մոտեցման մասին։

«Մենք օտարերկրյա ընկերությունների կամ անձանց նկատմամբ երբեք չենք կիրառել այրված հողի մարտավարությանը նմանվող միջոցներ։ Մեր բոլոր պատասխաններն ուղղված էին ոչ թե նրանց վատություն, այլ մեզ լավություն անելուն, նույնիսկ երբ նրանք բացահայտ փորձում են վնաս հասցնել Ռուսաստանին», - հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Սակայն, Զախարովայի խոսքով, եթե ԵՄ-ն որոշի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները, Մոսկվան կոշտ պատասխան քայլեր կձեռնարկի:

«Եթե, չնայած մեր համբերատարությանը և համագործակցության ձգտմանը, նրանք գնան այդ քայլին՝ ակտիվների գողությանը, պատասխանը շատ ցավոտ և չափազանց կոշտ կլինի», - հայտարարել է նա՝ նշելով, որ կոնկրետ միջոցառումները կորոշեն պատկան գերատեսչությունները:

Ավելի վաղ «Politico» պարբերականը հայտնել էր, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային «փոխհատուցման վարկեր» տրամադրելու նպատակով օգտագործելու որոշումը: Նախաձեռնության վերջնական հաստատումը սպասվում է հոկտեմբերի 23-ին ԵՄ գագաթնաժողովում։

Ռուսաստանի սառեցված ինքնիշխան ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 մլրդ եվրո, գտնվում է Բելգիայի «Euroclear» դեպոզիտար հարթակում։ Ավելի վաղ ընկերության ղեկավարությունը նախազգուշացրել էր, որ բռնագրավման փորձը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից հայելային միջոցների, այդ թվում` դատական հայցերի և արտերկրում եվրոպական ակտիվների առգրավման:

Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցի բռնագրավմանը, եթե ռիսկերը չբաժանվեն ԵՄ բոլոր անդամների միջև: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև ընդգծել էր, որ ակտիվների բռնագրավման դեպքում Մոսկվան անպատասխան չի թողնի այդ գործողությունները:

Rate this item
(0 votes)

Լրահոս