Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելով՝ Ադրբեջանը նպաստել է տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումի ժամանակ, հաղորդում է APA-ն։
Վարչապետը նշել է, որ խաղաղության գործընթացի օրակարգի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն համագործակցություն ապահովելու համար։
«Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ Ադրբեջանի մայրցամաքային մասը երկրի անբաժանելի մասը հանդիսացող Նախիջևանի հետ կապելը, կնպաստի տարածաշրջանի միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունների ընդլայնմանը։ Մենք վստահ ենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում բացվող նոր երթուղին կդառնա Միջին միջանցքի կարևոր հատվածներից մեկը և կնպաստի դրա դերի բարձրացմանը համաշխարհային տրանսպորտային ցանցում։ Ադրբեջանը շարունակում է ցուցադրել իր հանձնառությունը տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը։ Ադրբեջանն այս ուղղությամբ զգալի ներդրում է ունեցել՝ վերացնելով օկուպացիայից մնացած Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Ղազախական հացահատիկի Ադրբեջանի միջոցով Հայաստան տեղափոխումը այս ծրագրի առաջին գործնական քայլն է։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սա ցույց է տալիս, որ խաղաղությունն այլևս միայն թղթի վրա չի իրականացվում, այլ իրական կյանքում»,- ասել է նա։