Փարիզի դատախազ Լոր Բեկոն հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Լուվրի թանգարանի կողոպտումից վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին նա ասել է ֆրանսիական RTL ռադիոկայանի եթերում։
«Այսպիսին է Լուվրի տնօրենի գնահատականը»,- ասել է Բեկոն։
Նա նաև հույս է հայտնել, որ կողոպտիչները մասերի չեն բաժանի կամ չեն ձուլի գողացված թանկարժեք զարդերը։
Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:
Լրատվամիջոցների տվյալներով՝ միայն կողոպուտից հետո է թանգարանում աշխատել ազդասարքը։ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին, իր հերթին, վստահեցրել է, որ Լուվրի անվտանգության համակարգը կանոնավոր է աշխատել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ թանգարանի թանկարժեք ցուցանմուշները կգտնվեն, իսկ մեղավորները կկանգնեն դատարանի առաջ։