ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ ապագայում հանդիպելու ծրագրերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հանդիպումը, որը նախատեսված էր Բուդապեշտում Պուտին-Թրամփ գագաթնաժողովին նախապատրաստվելու համար, նույնպես չի կայանա։
Բուդապեշտում գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի մասին Թրամփը հայտարարել էր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, և որը նա հույս ուներ անցկացնել առաջիկա երկու շաբաթների ընթացքում, դադարեցվել են, NBC News-ին հաստատել է աղբյուրը։
Ռոյթերսի տվյալներով՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների երկրորդ անձնական հանդիպումը ձախողվել է, երբ պարզ է դարձել, որ Պուտինը պատրաստ չէ զիջումների գնալ և շարունակում է արմատական պահանջներ ներկայացնել։
«Ռուսները չափազանց շատ բան էին ուզում, և ամերիկացիների համար պարզ դարձավ, որ Թրամփի համար Բուդապեշտում գործարք չի լինի», – գործակալությանը հայտնել է իրավիճակին ծանոթ եվրոպացի դիվանագետը։
Reuters-ի մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Կրեմլի դիրքորոշումը Անքորիջում կայացած հանդիպումից ի վեր չի փոխվել. Ռուսաստանը դեռևս հրաժարվում է դադարեցնել մարտական գործողությունները ներկայիս առաջնագծի երկայնքով։