ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը և առաջարկել է, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը փոխարինվի 180 օրով։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով բեռնատարների վարորդների խնդրին։
«Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք։ ՌԴ մեր գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»,- շարունակեց Գևորգ Պապոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ արդեն մի քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման դեմ, ըստ որի` ՌԴ առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում մնալու իրավունք ունեն 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները Հայաստանի իշխանություններից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ և հասնել այդ կարգավորման չեղարկմանը։ Վարորդները նշում են, որ դրանից ամենաշատը տուժելու են բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողները, քանի որ տարվա մեջ միայն 90 օր նրանք կարող են մնալ Վերին Լարսի անցակետում՝ այդտեղ առկա հերթերի և այլ խնդիրների պատճառով։