Counterpoint Research-ի տվյալներով՝ նոր iPhone 17-ի վաճառքները առաջին 10 օրում 14 տոկոսով գերազանցել են iPhone 16-ի ցուցանիշները։ Հետազոտությունը կատարվել է ԱՄՆ-ի և Չինաստանի շուկաներում, որտեղ պահանջարկը զգալիորեն աճել է հատկապես այն սպառողների շրջանում, ովքեր վերջին անգամ սմարթֆոն էին գնել COVID-19-ի ժամանակ՝ 2020 թվականին։
Մասնագետների խոսքով՝ հատկապես հաջող է հանդես եկել iPhone 17-ի հիմնական տարբերակը, որի վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 31 տոկոսով։ Նոր մոդելը ստացել է 120 հերց հաճախականությամբ էկրան, 256 գբ հիշողություն և արդիականացված տեսախցիկ, ինչը նպաստել է հետաքրքրության աճին։
Չնայած համեմատաբար ցածր վաճառքներին՝ iPhone Air-ի նոր տարբերակը ևս գերազանցել է նախորդ տարվա iPhone 16 Plus-ի ցուցանիշները և անսպասելիորեն դարձել է հիթ Չինաստանում։ Ընկերության ներսում, սակայն, ըստ The Elec-ի, որոշ ղեկավարներ դժգոհ են մոդելի արդյունքներից՝ նույնիսկ կրճատելով դրա արտադրությունը մոտ մեկ միլիոն սարքով։