Հոլիվուդյան աստղից ամուսնալուծվելուց երկու տարի էլ չանցած՝ Քևին Քոսթների նախկին կինը՝ Քրիստին Բաումգարտներն ամուսնացել է Քոսթների վաղեմի ընկերոջ՝ Ջոշ Քոնորի հետ։
Հարսանիքը տեղի է ունեցել շաբաթ օրը Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքում գտնվող Santa Ynez Ranch գեղատեսիլ կալվածքում՝ նեղ շրջանակում։
«Դա կախարդական էր»,- People-ին ասել է հյուրերից մեկը: «Տեղը պարզապես ապշեցուցիչ է, բայց այն առանձնահատուկ դարձրեց մտերմիկ մթնոլորտը: Դա մեծ ներկայացում չէր, այլ անկեղծ, սրտանց իրադարձություն: Բոլոր ներկաները զգում էին, որ ականատես են իսկապես արժեքավոր բանի»:
Արարողության համար հարսնացուն ընտրել է Միրա Ցվիլինգերի զգեստը, իսկ ավելի ուշ փոխվել է սպիտակ ատլասե Lihi Hod զգեստի։
Բաումգարտների և Քոնորի հարաբերությունների մասին հայտնի դարձավ այս տարվա հունվարին, երբ զույգը հայտարարեց նշանադրության մասին։ Առաջարկն արվել է հունվարի 26-ին Սանտա Բարբարայում ինտիմ ընթրիքի ժամանակ։
Հիշեցնենք, որ Քոսթներն ու Բաումգարտները բաժանվել են 2023 թվականի մայիսին՝ 19 տարվա ամուսնությունից և երեք երեխաներ ունենալուց հետո։ Նրանց ամուսնալուծությունն ուղեկցվել է ալիմենտի և խնամակալության հարցերի շուրջ դատական գործընթացներով. Բաումգարտները ստանում է ամսական 63,209 դոլար երեխայի աջակցության համար, ինչը զգալիորեն պակաս է պահանջվող 165,000 դոլարից: