Emirates Boeing 747 բեռնատար ինքնաթիռը Հոնկոնգի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղուց՝ բախվելով գետնային անձնակազմի մեքենային և հայտնվելով ծովում, հաղորդում է Reuters-ը։
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել լուրջ ավիավթար. Դուբայից ժամանած Emirates Boeing 747-481 բեռնատար ինքնաթիռը վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել ծովում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը բախվել է թռիչքուղում գտնվող օդանավակայանի գետնային անձնակազմի մեքենային։ Հարվածի հետևանքով ինքնաթիռը կորցրել է կառավարումը, ճեղքել արգելապատնեշը և ընկել ծովը։
Երկու մարդ տեղափոխող ծառայողական մեքենան նույնպես ընկել է ծովը ինքնաթիռի հետ միասին։ Նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է. աշխատողները համարվում են անհետ կորած, և որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները նշում են, որ մահացության բարձր ռիսկ կա, քանի որ բախումը հանկարծակի է եղել, և մեքենան արագ խորտակվել է։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայություններ, ջրասուզակներ և հրշեջ խմբեր։ Օդանավակայանի հյուսիսային թռիչքուղին ժամանակավորապես փակ է, և ուղևորներին խորհուրդ է տրվում սպասել ուշացումների և չվերթների ժամանակացույցի փոփոխությունների։