Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականներ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության միջոցով իրենց են փոխանցվել Քննչական կոմիտեի ծանուցագրեր՝ կիրակի օրը, ժամը 9։00–ին հարցաքննությանը ներկայանալու պահանջով։ Արագածոտնի թեմի կողմից տարածած հայտարարության համաձայն` 19 քահանա և 2 սարկավագ իրավապահներից ծանուցում են ստացել տարբեր ժամերին՝ այդ թվում՝ ուշ երեկոյան և գիշերային ժամերին, բայց Երևանի քննչական կոմիտե պետք է ներկայանան նույն ժամին։
«ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին»,– ասված է հայտարարությունում։
Հոգևորականները հիշեցրել են, որ յուրաքանչյուր կիրակի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր գործող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ, ինչի պատճառով իրենք չեն կարողանալու ներկայանալ քննչական մարմին՝ չխախտելու համար իրենց հոգևոր պարտականությունները և չթողնելու հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության։
Արագածոտնի թեմի հոգևորականները նաև ընդգծել են, որ որպես վկա հարցաքննությանը ցանկանում են ներկայանալ միայն փաստաբանների ներկայությամբ։ Նրանց խոսքով՝ ոչ աշխատանքային կիրակի օրը փաստաբանների ներկայությունը հնարավոր չէ ապահովել, իսկ որոշ դեպքերում նույն փաստաբանը ներկայացնում է մի քանի հոգևորականի, ինչը ևս խոչընդոտ է։
«Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ», — ընդգծել են նրանք։
Հոգևորականները հարգելի են համարում իրենց բացակայության պատճառները և կոչ են արել քննչական մարմնին հարցաքննությունը տեղափոխել մեկ այլ օր, նախապես՝ առնվազն երկու օր առաջ ծանուցելով դրա մասին։ Նրանք նաև նշել են, որ ծանուցագրերը հանձնվել են օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց սահմանված ժամկետների պահպանման։ Հոգևորականները միաժամանակ անհանգստություն են հայտնել քննչական կոմիտեի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ նման վարքագծով փաստացի փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց Սուրբ և Անմահ Պատարագի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կարգալույծ եղած Արամ Ասատրյանը մտադիր է պատարագ մատուցել Հովհաննավանքում։ Էջմիածնում արդեն հայտարարել են, որ Ասատրյանն իրավունք չունի աստվածային ծառայություններ կատարելու, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է անձամբ ներկա գտնվել։ ԶԼՄ-ները գրել են, որ իշխող ուժը մտադիր է ապահովել մասշտաբային ներկայություն։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 23-ին լարված իրավիճակ էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում. կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը փորձում էր պսակադրության կարգ անցկացնել։