Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը իր դեմ պատերազմ է «հորինում», հայտնում է Associated Press-ը։
Մադուրոն ուրբաթ երեկոյան ազգային եթերում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «նոր հավերժական պատերազմ է սարքում», քանի որ USS Gerald R. Ford ավիակիրը, որի վրա կարող է լինել մինչև 90 ինքնաթիռ և հարվածային ուղղաթիռ, մոտենում է Վենեսուելային։
Շաբաթ օրը Վենեսուելայի նախագահը հիշատակել է նաև այն ճնշումը, որը նա զգացել է ԱՄՆ կառավարության կողմից, երբ սկսել է դատական գործընթաց՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեոպոլդո Լոպեսին քաղաքացիությունից զրկելու և անձնագիրը չեղարկելու նպատակով։
«Նրանք խոստացել էին, որ այլևս երբեք չեն ներքաշվի պատերազմի մեջ, և նրանք սարքում են մի պատերազմ, որից մենք կխուսափենք», - ասել է Մադուրոն ուրբաթ երեկոյան իր ուղերձում։
Թրամփը Մադուրոյին մեղադրել է՝ առանց ապացույցներ ներկայացնելու, որ նա իբր «Տրեն դե Արագուա» կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդն է։
«Նրանք հորինում են մի էքստրավագանտ պատմություն՝ վուլգար, հանցավոր և լիովին կեղծ, - հավելել է Մադուրոն։ - Վենեսուելան մի երկիր է, որը կոկաինի տերևներ չի արտադրում»։
Ամերիկյան զինվորականները ոչնչացրել են մի քանի նավակներ Վենեսուելայի ափերի մոտ՝ ենթադրաբար Միացյալ Նահանգներ թմրամիջոցներ տեղափոխելու համար։ Այդ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ։
Տրեն դե Արագուան, որը սկիզբ է առնում Վենեսուելայի բանտից, հայտնի է ոչ թե թմրամիջոցների համաշխարհային շրջանառության մեջ իր մեծ դերով, այլ պատվիրված սպանություններին, շորթումներին և մարդկանց մաքսանենգությանը իր մասնակցությամբ։
Արևմուտքը Մադուրոյին մեղադրում է անցյալ տարվա ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, և երկրները, ներառյալ ԱՄՆ-ն, նրան կոչ են արել հեռանալ Վենեսուելայի նախագահի պաշտոնից։