ԱՄՆ ռազմածովային ուժերի Nimitz ավիակրի վրա գտնվող MH-60R ուղղաթիռը և F/A-18F Super Hornet կործանիչն աղետի են ենթարկվել՝ առանձին թռիչքներ կատարելով Հարավչինական ծովի շրջանում: Այս մասին հոկտեմբերի 27-ին հաղորդել է ԱՄՆ ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ուղղաթիռը և կործանիչը հոկտեմբերի 26-ի երեկոյան կես ժամվա տարբերությամբ ծովն են ընկել «առօրյա գործողություններ կատարելիս». անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։
Ավիակրի որոնողափրկարարական ջոկատները ջրից դուրս են բերել ուղղաթիռում գտնվող երեք զինծառայողի և կործանիչի անձնակազմի երկու անդամի, որոնք դուրս էին նետվել կատապուլտով։
Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությունը հայտարարել է, որ անցկացվում է երկու միջադեպերի պատճառների հետաքննություն։