Գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելու նախագծի նպատակը աղքատների բանակ ստեղծելը չէ։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց օրինագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Իհարկե աղքատների բանակ չի լինելու, այլ լինելու է հակառակը։ Մեր նախագծի նպատակն այն է, որ ծառայեն բոլորը, նաև միջին խավը և հարուստները», - ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորը հավաստիացրեց, որ իր խմբակցությունում տարաձայնություններ չկան օրենքի վերաբերյալ՝ չնայած ընդունման հետաձգումներին։
«Անընդհատ քննարկումներն այն մասին են խոսում, որ նյութը շատ կարևոր է, դրա համար է երկար քննարկվում, այլ պատճառ չկա», - ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որը հնարավորություն է տալիս զորակոչային տարիքի անձանց հրաժարվել բանակում 2 տարի ծառայելուց: Զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Ըստ նախագծի` պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք է նախատեսվում 32 տարեկանը։
Փողի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը քննադատել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։