ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ասել է, որ այն մարդը, ում նա ընտրել է Սիրիայում ԱՄՆ նոր ներկայացուցիչ լինելու համար, հասկանում է երկրի հետ աշխատելու «մեծ ներուժը»:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Թուրքիայում ԱՄՆ-ի մեր դեսպան Թոմ Բարաքը կծառայի որպես մեր բանագնացը Սիրիայում»,-ասել է Թրամփը սոցցանցերում գրառման մեջ։
«Թոմը հասկանում է, որ Սիրիայի հետ աշխատելու մեծ ներուժ կա՝ արմատականությունը դադարեցնելու, հարաբերությունները բարելավելու և Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու համար: Միասին մենք կդարձնենք Ամերիկան և աշխարհը կրկին ԱՊԱՀՈՎ»:
Անցյալ ուրբաթ ԱՄՆ-ը չեղարկեց Սիրիայի նկատմամբ «դաժան» պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ասադի ընտանիքի տասնամյակների կառավարման ընթացքում:
Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնյաները քայլեր կձեռնարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի խնդրանքով։