Հայաստանում ռիելթորները պետք է գրանցվեն և մասնագիտական հատուկ արտոնագիր ստանան։ Այս մասին ասվում է «Ռիելթորական գործունեության մասին» օրինագծում, որը հավանության է արժանացել այսօր կառավարության նիստում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այժմ Հայաստանում ռիելթորները հաճախ աշխատում են առանց կրթության, իսկ անհատ ռիելթորները, որպես կանոն, հարկեր էլ չեն վճարում:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ռիելթորները պետք է քննություններ հանձնեն և Կադաստրի պետական կոմիտեից լիցենզիա ստանան՝ 5 տարի ժամկետով։ Քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող բոլոր քաղաքացիները։
Բացի այդ, Կադաստրի պետական կոմիտեն պատրաստվում է անշարժ գույքի գործարքների վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգ ստեղծել, որն օգտատերերին հասանելի կլինի վճարովի հիմունքներով՝ 10 հազար դրամ` մեկ գործարքի վերաբերյալ տվյալներ ստանալու համար, կամ 450 հազար դրամ՝ ամբողջ տարվա ընթացքում անսահմանափակ թվով գործարքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։
Առաջարկվող օրինագիծն ուղղված է լինելու ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, ստվերից դուրս գալուն և պետբյուջե մուտքերի ավելացմանը և այլն։ Սա կօգնի նաև ռիելթորական գործունեության ոլորտի նկատմամբ հասարակության լայն զանգվածի վստահության բարձրացմանը, ինչպես նաև ոլորտի կարգավորմանը։