Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։
Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանը փուլ առ փուլ անցում է կատարում ազատ էլեկտրաէներգետիկ շուկայի մոդելի։ Այդ մոդելի համաձայն՝ էլեկտրացանցը մնում է միասնական և կառավարվում է մեկ օպերատորի կողմից, իսկ մատակարարները կարող են լինել մի քանիսը՝ վճարելով ցանցից օգտվելու համար։
Տնտեսվարողները պարտավոր կլինեն գնել էլեկտրաէներգիան շուկայական գներով, իսկ բնակչության համար, ցանկության դեպքում, կպահպանվեն ֆիքսված սակագներ՝ ապահովված երաշխավորված մատակարարի կողմից։
Ներկայում այդ դերը կատարում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը», սակայն մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը պետք է ընդունվի «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենքի տարբերակը, որը կսահմանի՝ երաշխավորված մատակարարը ընտրվելու է մրցութային հիմունքներով։ Ընկերությունը նույնպես կարող է մասնակցել այդ մրցույթին։
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պատկանում են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խմբին։