«Բանակից փողով ազատվելու» օրենքի նախագծը հնարավոր է և չեղարկվի․ ՔՊ-ական պատգամավոր
Մայիսի 30, 2025

«Բանակից փողով ազատվելու» օրենքի նախագծը հնարավոր է և չեղարկվի․ ՔՊ-ական պատգամավոր

Ամեն տարբերակ էլ քննարկվում է. «բանակից փողով ազատվելու» օրենքի նախագծի հավանական չեղարկման մասին հարցին այսպես պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Նախագծի շուրջ քննարկումները երկարում են, ու դա լավ է, որովհետև սա կարևոր նախագիծ է և պետք է մանրամասն բովանդակային քննարկման ենթարկվի։ Ամեն տարբերակ էլ քննարկվում է, կարող ենք քննարկել, որ պետք է փոփոխվի, կարող ենք քննարկել, որ ապագա չունի», - ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը չի ընդունվի մինչև բոլոր մտահոգումները չփարատվեն, ու հանրային դրական կարծիք չձևավորվի։ Ասում է՝ հիմնական տարաընկալումները հոգեբանական են։

«Եթե զուտ մաթեմատիկորեն նայենք, օրենքի շնորհիվ բանակի նյութական վիճակը լավանալու է, զորահավաքի ռեսուրսները կմեծանան, պայմանագրայինների աշխատավարձերը կբարձրանան։ Բայց ունենք արժեքային ընկալման խնդիր», - ասաց նա։

Խաչատրյանը հավաստիացրեց, որ եթե նախագիծը բավականին լավարկվի, իշխանությունները չեն խորշի այն ընդունել մինչև 2026-ի ընտրությունները՝ չնայած դա կարող է ազդել նրանց վարկանիշի ու ընտրաձայների վրա։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույն փակ նիստից դուրս գալուց հետո լրագրողների հարցին, թե հանրությունը դեմ է օրենքին, պատասխանեց, որ հանրության շահերից է բխում ժամանակակից բանակ ունենալը։

«Սա փողով բանակից ազատվելու մասին նախագիծ չէ, այլ ժամանակակից բանակ ստեղծելու մասին։ Մեր բոլոր ռեֆորմները պետք է ուղղված լինեն ժամանակակից բանակ ունենալուն», - ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ` ինչ կլինի նախագծի հետ, քննարկումները շարունակվում են, հունիսի 9-ին կլինի հանձնաժողովի նիստը, և եթե մինչ այդ նախագծի հեղինակ, պատգամավոր Հայկ Սարգսյանը հետ չկանչի նախագիծը, այն կքննարկվի հանձնաժողովում։

Հիշեցնենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Այն առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս