Բա Մարզահամերգային համալիրն ինչի՞ համար պետք է օգտագործել. Փաշինյան. Տեսանյութ
Մայիսի 30, 2025

Բա Մարզահամերգային համալիրն ինչի՞ համար պետք է օգտագործել. Փաշինյան. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս անցկացված շքեղ հարսանիքից հետո։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարզահամերգային համալիրը քանդվում էր, քայքայվում, միլիարդներ են ներդրվում, բայց դեռ չեն կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։

«Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Փաշինյանը՝ հավելելով՝  ոչ թե պետք է սա քննադատել, այլ հակառակը՝ քաջալերել։ 

Նրա խոսքով՝ այսօր հարյուրավոր ընտանիքներ գնում են և Դուբայում են հարսանիք անում, մինչդեռ այդ գումարները կարող են տեղում ծախսվել։

«Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգն աշխատի, երաժիշտները հավելյալ գումար ստանան, դիզայներները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն, ասում ենք՝ չէ՛, եկեք ձեռք չտանք համալիրին։ Մենք մեր եկեղեցիներին էլ ենք այդպես վերաբերվում»,- ասաց Փաշինյանը՝ համալիրի թեմայից սահուն անցում կատարելով եկեղեցիներին։

Նրա կարծիքով՝ մեծ հարց է, թե սանիտարական ինչ վիճակի է տիրում եկեղեցիներում։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են։ Ով որտեղ ինչ անպետքական ապրանք ունի, ասենք՝ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։

Մարդը մտնում է եկեղեցի` հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում ես, նայում ես՝ էստեղ աղբ է գցած, էնտեղ մեկի հին շորերն են, մեկը կոշիկն է դրել, մեկը իր հին կռավաթն է բերել դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, էդքան խոսել սրբության մասին ու էդքան արտասուրբ լինել, ոտի տակ տալ սրբությունները, մեկ էլ՝ վայ, համալիրում հարսանիք է եղել»,- հունից դուրս եկավ նա։

Հիշեցնենք` անցած շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Vivaro»–ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի որդու հարսանիքը, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս