Լիտվան պատրաստ է արգելափակել տարանցումը Ռուսաստանի Կալինինգրադի մարզ՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներից: Այս մասին լիտվական ազգային ռադիոյին (LRT) հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը:
Ինչպես ընդգծել է Լիտվայի ԱԳ նախարարը, տարանցման արգելափակումն «ամենևին չպետք է բացառել»։
Կալինինգրադ տարանցումն իրականացվում է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գործող համաձայնագրի և դրանում ամրագրված պարտավորությունների հիման վրա։ Սակայն, ինչպես հայտարարում է Բուդրիսը, «պետությունը կարող է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար, եթե դրա կարիքը կա»։
Ավելի վաղ Վիլնյուսը Մինսկին ծանուցել էր լիտվա-բելառուսական սահմանն «անորոշ ժամկետով» փակելու մասին։ Անցյալ շաբաթ Լիտվան երեք անգամ ժամանակավորապես դադարեցրել էր Բելառուսի հետ սահմանային անցակետերում ձևակերպումը, քանի որ ծառայություններն արձանագրել էին Բելառուսի տարածքից մաքսանենգ ապրանքներով օդերևութաբանական զոնդերի ժամանում։ Աշխատանքն էր դադարեցրել նաև Վիլնյուսի օդանավակայանը։