Արևմուտքը ագրեսիվ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա և ձգտում է երկիրը բաժանել տասնյակ անկախ պետությունների, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Նրանց նպատակը մեր երկրի ինքնիշխանությունից զրկելն է։ Նրանք ցանկանում են մեր հայրենիքը բաժանել տասնյակ փոքր պետական կազմավորումների, այնուհետև հպատակեցնել դրանք, շահագործել և օգտագործել իրենց սեփական եսասիրական շահերի համար», - գրել է Շոյգուն «Arguments and Facts»-ի համար հոդվածում։
Նրա խոսքով, դրա համար արևմտյան երկրները ծավալել են «հզորագույն հակառուսական քարոզչություն» և հարձակվում են Ռուսաստանի պատմության, մշակույթի և «հոգևոր արժեքների» վրա։ Բացի այդ, չեն դադարում փորձերը՝ «սեպ խրել մեր երկրի և ԱՊՀ երկրների ժողովուրդների համաձայնության ու եղբայրության մեջ», – նշել է Շոյգուն։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական» կառավարությունները սխալմամբ կարծում են, թե երկրի բազմազգությունը նրա խոցելի կողմն է և «նախանձելի համառությամբ» փորձեր են ձեռնարկում ռուսական հասարակությունը մասնատելու համար։ Միևնույն ժամանակ, Շոյգուն շեշտել է, որ Արևմուտքը չի հասկանում ռուսական միջազգային հարաբերությունների բնույթը, Ռուսաստանի բազմազգ ժողովրդի «հոգևոր, բարոյական ուժը», միասնությունը, որը թույլ է տալիս «վստահորեն դիմակայել կործանարար աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում բազմիցս խոսել է ռուսական հասարակությունը անջատողականության, ազգայնականության և նմանատիպ գաղափարախոսությունների միջոցով պառակտելու փորձերի մասին։ Նա պահանջել է, որ ԱԴԾ-ն ավելի ակտիվորեն պայքարի «այս ամբողջ գաանքի» դեմ։ Պուտինը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները նպատակ ունեն ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին և եթե չկարողանան ոչնչացնել այն, ապա գոնե աննշան դարձնել Մոսկվայի դերը։
Նրա խոսքով, «աշխարհաքաղաքական չարակամները» արդեն փորձել են «մինչև վերջ քանդել» Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ցանկանալով ռևանշ վերցնել պատմության տարբեր ժամանակաշրջաններում Մոսկվայի դեմ պայքարում կրած անհաջողությունների համար։ Պուտինը պարզաբանել էր, որ Արևմուտքի երկրները, արագ փոփոխվող աշխարհի պայմաններում, ձգտում են պահպանել իրենց հեգեմոնիան, այդ թվում՝ Ռուսաստանի, նրա հսկայական տարածքների, մարդկային և բնական ռեսուրսների հաշվին։ «Երևի ինչ-որ մեկը մեր երկիրը թույլ օղակ է համարել», – ասել էր Պուտինը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ «ոչ ոքի չի հաջողվի դա անել»։