Քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին Թրամփին ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։ Այս մասին Թեննին գրել է
«Ֆեյսբուքի» իր էջում։
«Կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին: Եթե Հայաստանում և Ադրբեջանում իսկապես խաղաղ ժամանակ է, ապա ազատեք նրանց, այլապես ինչ արդարացումներ կունենաք»,- նշել է Թեննին։
Նա գրառմանը կից նաև հրապարակել է նկարներ, որտեղ երևում են այն բոլոր նույնականացված անձինք, որոնք պահվում են Բաքվի բանտերում, նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։
Նշենք, որ Ջոել Թեննին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, նրան ժամանակին նույնիսկ Հայաստանում դեսպանի պաշտոն են առաջարկել, ինչից վերջինը հրաժարվել է։ Թեննին սերտ հարաբերություններ է պահպանում ամերիկյան պետքարտուղարության բազմաթիվ ներկայացուցիչների հետ, իր հայրենի Այովա նահանգում նա շատ բան է արել ընտրություններում Թրամփի հաղթանակի համար։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:
Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլք։