Իսրայելը հույս ունի առաջիկայում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ վերջ դնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման կառավարմանը: Այս կարծիքը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում խաղաղության պլանին աջակցող բանաձևի հաստատումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարարությունը նշել է, որ Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելն ակնկալում է ԱՄՆ-ի և նախագահ Դոնալդ Թրամփի պլանը ստորագրած այլ երկրների հետ համագործակցությամբ անհապաղ ստանալ բոլոր զոհված պատանդների աճյունները և սկսել Գազայի հատվածի զինաթափման ու ապառազմականացման գործընթացը, ինչպես նաև վերջ դնել ՀԱՄԱՍ-ի կառավարմանն անկլավում։ Վարչապետի կարծիքով՝ «բեկումը, որը ձեռք է բերվել Թրամփի ղեկավարման շնորհիվ, կօգնի տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն և բարգավաճում»:
«Իսրայելը հաշտության ձեռք է մեկնում իր բոլոր հարևաններին և կոչ է անում նրանց կարգավորել հարաբերությունները», - հավելել է Նեթանյահուն։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևի օգտին, որը հաստատում է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը։ Փաստաթղթի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել։
Ծրագրում ներառված է Միջազգային կայունացման ուժերի ստեղծումը, կառավարման անցումային մարմնի՝ Խաղաղության խորհրդի ստեղծումը։
Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլով հոկտեմբերի 10-ից Գազայի հատվածում հրադադար է հաստատվել, ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կատարել են պատանդների և բանտարկյալների փոխանակում։