«Ռոսֆինմոնիթորինգ»-ը Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին և տնտեսագետ Սերգեյ Գուրիևին, ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, հայտնում է РБК-ն։
Կասյանովն օտարերկրյա գործակալ է ճանաչվել 2023 թվականի նոյեմբերին, իսկ Գուրիևը՝ նույն թվականի մարտին։ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Կասյանովը տարածել է օտարերկրյա գործակալներից ստացված տեղեկություններ, ինչպես նաև կեղծ տեղեկություններ ռուսական իշխանությունների որոշումների և գործողությունների մասին։
Կասյանովը գլխավորել է Ռուսաստանի կառավարությունը 2000-ից 2004 թվականներին։
Արդարադատության նախարարությունը նշել է, որ Կասյանովը դեմ է արտահայտվել Ուկրաինայում ռազմական գործողություններին և, գրանցամատյանում ընդգրկված այլ անձանց հետ միասին, «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի» անդամ է, որի գործունեությունն ուղղված է Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականության վարկաբեկմանը։ Արդարադատության նախարարությունը առանձին նշել է, որ Կասյանովը բնակվում է արտերկրում։