Երևանն աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում է հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
«Լուսավորված փողոցներ, գինու ու ջազի մեղմությամբ պատված երեկոներ՝ այն տրամադրությունը, որի շնորհիվ մեր քաղաքը ճանաչվում է որպես անփոխարինելի գիշերային ուղղություն»,- ասված է հաղորդագրությունում։
Conde Nast traveler պարբերականն է ներկայացրել այն քաղաքների ցանկը, որոնք զբոսաշրջիկներին առաջարկում են աշխատանքային ժամերից հետո, ինչպես նաև գիշերները բազմաթիվ հետաքրքրություններ՝ տանիքների վրա գտնվող բարեր, ակումբեր, որտեղ աշխատում են հայտնի DJ-ներ, ստորգետնյա ռեստորաններ, փաբեր և այլն։
Վարկանիշային ցուցակում առաջին տեղում է Բարսելոնան, որտեղ ընդհանուր առմամբ կա 304 բար և պանդոկ, իսկ 100 ք/կմ տարածքում 636 գիշերային ժամանցի վայր կա։ Հաջորդ տեղում են Փարիզը, Տոկիոն, Պրահան։ Հնգյակը եզրափակում է Թբիլիսին, որտեղ յուրաքանչյուր խոշոր թաղամասում 25 պանդոկ կա, իսկ ողջ քաղաքում` 177 սննդի հաստատություն։
Երևանն այդ ցանկում 7-րդ տեղում է՝ զբոսաշրջիկների սիրելի գինու փողոցով, տանիքի բարերով ու աշխույժ մթնոլորտով։ ՀՀ մայրաքաղաքում 100 ք/կմ տարածքում կա 48 ժամանցի վայր գիշերային կյանքին մասնակից լինելու համար։ Պարբերականը նշում է, այստեղ բարերը փակվում են գիշերը ժամը 04։00-ին։