Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադռեզա Արեֆը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցելու անկախ և անվտանգ տարանցիկ միջանցքների զարգացման գործում: Mehr-ի փոխանցմամբ՝ Արեֆն այս հայտարարությունն արել է երեքշաբթի Մոսկվայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) կառավարությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ:
«Իրանի տնտեսական դիվանագիտությունը հիմնված է հարևան և բարեկամ երկրների հետ հարաբերությունների զարգացման ու ապրանքների և ուղևորների համար տարանցիկ միջանցքների ակտիվացման վրա»,- ասել է առաջին փոխնախագահը՝ հավելելով, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը տնտեսական և տարանցիկ միջանցքների ստեղծումն ու խթանումը համարում է անհրաժեշտ՝ առևտրի հեշտացման, մատակարարման շղթայի անվտանգության և պարենային անվտանգության ապահովման, աղքատության կրճատման և տարածաշրջանային ինտեգրման ամրապնդման համար»:
«Իրանը պատրաստ է համագործակցելու անկախ և անվտանգ տարանցիկ միջանցքներ զարգացնելու համար,- ասել է ԻԻՀ պաշտոնյան: «Վերջապես, ես կցանկանայի ևս մի անգամ ընդգծել, որ Իրանի և ՇՀԿ անդամ երկրների միջև համագործակցությունը երկարաժամկետ ռազմավարություն է՝ հզոր տարածաշրջան կառուցելու համար՝ ազգային ինքնիշխանության ամրապնդման, տրանսպորտի և առևտրի հեշտացման, էներգետիկ անվտանգության խթանման, տեխնոլոգիաների զարգացման, համատեղ ֆինանսական և բանկային ենթակառուցվածքների ստեղծման, բնակչության թվաքանակի և մարդկանց միջև շփումների ավելացման միջոցով։ Հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքները ևս մեկ քայլ կլինեն ՇՀԿ անդամ պետությունների միջև փոխադարձ վստահության, կայուն զարգացման և ինտեգրման ամրապնդման ուղղությամբ»- ընդգծել է Մոհամմադռեզա Արեֆը։