ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի սրման ֆոնին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է ամերիկյան վարչակազմի հետ երկխոսության պատրաստակամությունը։ «Միայն դիվանագիտությունն ու երկխոսությունն են թույլ տալիս փոխըմբռնման հասնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ», - հայտարարել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրոյի հետ պլյուս» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հնարավոր բանակցությունների մասին։
Մադուրոն հիշեցրել է, որ Վենեսուելայի դիրքորոշումը շարադրված է նամակում, որը հանձնվել է Թրամփին 2025 թվականի սեպտեմբերի 6-ին։ «Սա միջազգային իրավունքի խիստ պահպանման և ուժի կիրառման սպառնալիքների մերժման անփոփոխ, պատմական դիրքորոշում է, որը շարադրված է այդ նամակում», - պարզաբանել է նա։ «Ով ցանկանում է խոսել Վենեսուելայի հետ, դա անում է դեմ առ դեմ», - նշել է Մադուրոն։
«Խաղաղությունն այլընտրանք չունի», - ընդգծել է նախագահը։ «Երկխոսություն՝ այո, խաղաղություն՝ այո, պատերազմ՝ ոչ», - անգլերենով հայտարարել է Մադուրոն՝ նշելով, որ սա Վենեսուելայի անսասան դիրքորոշումն է։
Վաշինգտոնը վենեսուելական իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար ակտիվ պայքարի մեջ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովում տեղակայել են ութ նավ, մեկ ատոմային սուզանավ, ավելի քան 16 հազար զինծառայող և սեպտեմբերից ի վեր միջազգային ջրերում ոչնչացրել են առնվազն 20 մոտորանավակ։ Զոհվել է 76 մարդ, որոնք անհիմն կերպով մեղադրվել են Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության մեջ։ Նոյեմբերի 16-ին Պենտագոնը հայտնել է, որ Ջերալդ Ֆորդ ավիակրի գլխավորած ամերիկյան նավերի հարվածային խումբը մուտք է գործել Կարիբյան ծով։