Մոսկվայում կայանալիք անվտանգության համաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում
Մայիսի 28, 2025

Մոսկվայում կայանալիք անվտանգության համաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտնել է, որ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում։ Այս մասին Ալեքսեյ Շևցովը հայտարարել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։

«Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա ոչ, դրանք նախատեսված չեն։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն չի ներառում լրացուցիչ նեղ բանակցային ձևաչափեր»,- ասել է Շևցովը՝ պատասխանելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև առանձին բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին հարցին։

Նա հավելել է, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական պատվիրակությունները հրավիրված են մասնակցելու ոչ միայն լիագումար նիստերին և սեմինարներին, այլև Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների համար ավանդական աշխատանքային նիստին։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս