Հայաստանում նախատեսում են տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի՝ սարքերի կամ սարքավորումների գողությունը, դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ներկայիս ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը:
«Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի՝ սարքերի կամ սարքավորումների գողությունը, դիտարկել որպես գողության հանցակազմի երկրորդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Օրենքի նախագծի ընդունումից հետո հանցանք կտարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով»,–ասաց փոխնախարարը:
Խոսքը վերաբերում է հաշվառման համարնիշների, հայելիների, լուսարձակների և այլ բաղադրիչների գողությանը: Վերջին տարիներին իրականացված վերլուծությունները փաստել են, որ այս արարքն ունի մեծ տարածվածություն,կայուն աճի միտում և իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն:
Պետությունը նկատել է՝ վերջին ժամանակահատվածում այս հանցագործությունը դարձել է հանրությանն ամենաշատ անհանգստացնողներից, և արձագանքն այս իմաստով ցանկանում են դարձնել համարժեք: Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ արարքը սահմանելով միջին ծանրության ՝այն մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ: