Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե երբ կբացվի Կապանում հյուպատոսությունը:
Նա ընդգծել է, որ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մանրամասն քննարկվել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի ժամանակ։
«Պետք չէ մեզ համոզել այդ տարածաշրջանում հնարավորինս շուտ հյուպատոսություն բացելու անհրաժեշտության հարցում: Առայժմ Կապանում ՌԴ հյուպատոսություն չկա, ուստի դրա բացատրության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ստանալու համար պետք է դիմել հայկական կողմին», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու: