Ստամբուլում ուղիղ բանակցությունների ժամանակ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են երկու երկրի նախագահների Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման շուրջ: Այս մասին Ադրբեջանում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան:
Դիվանագետն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսել է Ստամբուլում երեք կարևոր ձեռքբերումների մասին, որոնցից մեկը Պուտինի և Զելենսկու հանդիպումն է:
«Եթե հանենք ուկրաինական պատվիրակության համար կարդացված բոլոր կեղծ պատմական դասախոսությունները, ապա կարող ենք նշել երեք կարևոր ձեռքբերում. առաջինը ռազմագերիների փոխանակման գործընթացը, որն ավարտվեց մայիսի 25-ին: Երկրորդ արդյունքը ռուսական և ուկրաինական կողմերի համաձայնությունն է խաղաղ կարգավորման կոնկրետ առաջարկների մշակման վերաբերյալ։ Եվ երրորդ ձեռքբերումն այն է, որ պատվիրակությունները պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին։ Այսինքն՝ խոսքը Զելենսկու և Պուտինի հանդիպման մասին է։ Սակայն ուկրաինական օրակարգի առանցքային հարցը մնում է զինադադարը։ Ուկրաինան հավատարիմ է իր պարտավորություններին: Եկել է դիվանագիտության, դիվանագիտական ջանքերի առավելագույն մոբիլիզացման ժամանակը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։