ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկված աղբյուրների։Նրանց խոսքով՝ իրավիճակը ներկայում շատ անորոշ է, և բանակցությունների հաջորդ փուլը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, դա պայմանավորված է ԱՄՆ-ի անհետևողականությամբ։
CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ «առաջին հայացքից այն գնահատվում է որպես անհետևողական և հատվածական, շատ անիրատեսական և պարունակում է չափից ավելի պահանջներ»։
«Այն փաստը, որ ամերիկացիներն անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումները, մինչ այժմ գլխավոր խոչընդոտն է եղել բանակցությունների հաջողության ճանապարհին և այժմ աշխատանքն ավելի է դժվարացնում, քան երբևէ», – հավելել է պաշտոնյան։Նա նաև ասել է, որ նոր առաջարկն ուղղակիորեն հակասում է նախորդ պայմանավորվածություններին։
«Տեքստը հստակորեն հակասում է բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում ձեռք բերված վերջին համաձայնությանը, – հայտարարել է պաշտոնյան։ – Իրանի դիրքորոշումն ուրանի հարստացման հարցում հաստատուն է և անսասան»։Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը թույլ չի տա ուրանի հարստացում։
«Ըստ մեր հնարավոր համաձայնագրի՝ մենք թույլ չենք տա ուրանի որևէ հարստացում», – գրել է նախագահը Truth Social հարթակում։
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ ապրիլի 12-ից ի վեր բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը «պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»։