Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը
Հունիսի 06, 2025

Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը և աշխատել կարգավորիչ շրջանակների մերձեցման ուղղությամբ։

«Մենք նաև կարևոր ենք համարում ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության հետագա ընդլայնումը։ Հաշվի առնելով մեր երկրների միջև սերտ կապերը՝ անհրաժեշտ է աշխատել Համագործակցության և Միության իրավական շրջանակների մերձեցման ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի վարչապետը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Հիշեցնենք, որ Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես հաղորդվում է, նիստի օրակարգի նախագծում ներառված է 18 հարց: Ավանդաբար, նեղ կազմով Խորհրդի անդամները կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցության արդիական թեմաների շուրջ:

ԱՊՀ երկրների վարչապետներն ընդլայնված կազմով կքննարկեն նաև հետևյալ նախագծերը՝ Ծանր մեքենաշինության զարգացման գործում համագործակցության մասին համաձայնագիր, Թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգ և դրա իրականացման գործողությունների ծրագիր, ԱՊՀ անդամ պետությունների ազգային օդային երթևեկության կառավարման համակարգերի ներդաշնակեցման հայեցակարգ։

Rate this item
(0 votes)

Լրահոս