Հռոմի Լևոն XIV պապը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարունակելու կարևորության մասին: Այս մասին հունիսի 4-ի երեկոյան հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
«Պապը կոչ է արել, որ Ռուսաստանը խաղաղությանը նպաստող ժեստ անի։ Նա ընդգծել է երկխոսության կարևորությունը՝ կողմերի միջև դրական շփումներ ստեղծելու և հակամարտության լուծումներ գտնելու համար», – ասվում է Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունիի տարածած հայտարարության մեջ։
Բացի այդ, Բրունիի խոսքով, ուկրաինական ճգնաժամի շուրջ զրույցի ընթացքում խոսվել է հումանիտար իրադրության, կարիքի դեպքում օգնություն տրամադրելու անհրաժեշտության և ռազմագերիների փոխանակման հարցում ջանքերը շարունակելու մասին։
Ըստ հայտարարության՝ Լևոն XIV-ը նաև խնդրել է երախտագիտության խոսք փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ Հռոմի պապի ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի համար։
Քահանայապետն ընդգծել է, որ «ընդհանուր քրիստոնեական արժեքները կարող են օգնել խաղաղություն գտնելուն, կյանքի պաշտպանությանը և դավանանքի ազատության ապահովմանը»։