Հայաստան – Իրան սահմանին կառուցվող նոր անցակետը պատրաստ է ընդամենը 11,5% - ով: Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հակոբյանը։
«Չնայած պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա մարտին, բայց կապալառու կազմակերպությունը, որը պետք է բանկային երաշխիք բերեր, ուշացել է, և աշխատանքները սկսվել են տարվա կեսից»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ ծրագրի ժամկետը սահմանվում է 980 օր, այսինքն՝ 2 տարի 8 ամիս, այնպես որ, այս տարի աշխատանքներն ավելի արագ տեմպերով պետք է իրականացվեն։
Հիշեցնենք, որ Մեղրիում անցակետը կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկով։
Անցակետի վերակառուցման և արդիականացման շինաշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ Պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ:
Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն: