Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, որն այսօր պետք է Հայաստան գար սահմանին կանգնած բեռնատարների հարցը քննարկելու համար, չեղարկել է այցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Սոնգուշվիլիի այցի ընթացքում խնդիրը վերջնականապես կլուծվի։
«Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարը անձամբ կապ է հաստատել նախարար Պապոյանի հետ։ Ներողություն են խնդրել ու հայտնել, որ նախարարն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանալու գալ, փոխնախարարն ինքը կգա»,– նշեցին գերատեսչությունից։
Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։ Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։
Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։
Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։