Վրաստանի ֆիննախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանից ներմուծվող սեզոնային ծաղիկների 10 հազար միավորից բաղկացած խմբաքանակի մուտքը Վրաստան արգելվել է. պատճառը հայտնաբերված վնասատուներն են։
Հաղորդվում է, որ հայ-վրացական սահմանի «Սադախլո» մաքսակետում ծաղիկները ենթարկվել են ֆիտոսանիտարական ստուգման։
Ըստ վրացական կառավարության կարգավորումների՝ վարակված բուսական արտադրանքը ենթակա է վերադարձման արտահանող երկիր։
Հայաստանը Վրաստան ծաղկի հիմնական մատակարարներից է՝ Էկվադորից հետո։
«Սակստատ»-ի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից Վրաստան է ներմուծվել 3.2 մլն դոլարի ծաղիկ, իսկ 2025 թվականի առաջին չորս ամիսներին՝ 1.3 մլն դոլարի։