ՌԴ-ն հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. մայրաքաղաք Կիևում կա 5 զոհ, 20 վիրավոր, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Մասնավորապես հարված է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Պայթյուններ են որոտացել Կիևում, Լուցկում, Չեռնիգովում և Տերնոպոլում։ Վնասվել են արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտներ, բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Մինչդեռ ՌԴ ՀՕՊ համակարգերը 14 մարզերում Ուկրաինայի զինված ուժերի 174 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Բացի այդ, Սև ծովի օդային տարածքում խոցվել են ուկրաինական «Նեպտուն-ՄԴ» երեք հրթիռներ։
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բրյանսկի, Ռոստովի, Սարատովի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Տուլայի, Բելգորոդի, Տամբովի մարզերի, Մոսկվայի և Մոսկվայի մարզի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության տարածքներում։
Մոսկվայի «Վնուկովո», «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։ Սահմանափակումներ են մտցվել Սարատովի, Կալուգայի և Սամարայի օդանավակայաններում։ Այս պահին բոլոր օդանավակայանները գործում են սովորական ռեժիմով։