Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ նորմ, որի համաձայն ՀՀ–ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում, և ինքնուրույն կառավարումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Հարցին, ինչ վերաբերում է այն բառամթերքին, որով խոսում է երկրի ղեկավարը եկեղեցականների մասին, արդյոք դա էթիկական նորմերի խախտում չէ, արդարադատության նախարարաը նշեց. «Մենք շատ շատ կարող ենք խոսել տարբեր մարդկանց կողմից տարբեր խոսույթի գնահատականներ տալու մասին։ Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել և գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա։
Այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կուզենայի շեշտադրել: Վերջին օրերին անընդհատ նույն բանն է քննարկվում, և կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին, և ընդհանրապես չի խոսվում, կամ խոսվում է, ես գուցե այդքան չեմ նկատել, իրական գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն խնդրի մասին խոսելը ամոթ է, բայց խնդրի արձանագրումը ամոթ չէ։ Յուրաքանչյուր քրիստոնյա, ինքը պետք է որոշի խնդիր տեսնում է, թե չի տեսնում։ Եթե անձը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հետևում է կանոնական իրավունքի, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի, թե այս իրավիճակում խնդիր կա՞, թե՞ չկա։ Իմ դիտարկմամբ, մենք այսօր ունենք խնդիր, մենք ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։
Աշխարհիկ մարդկանց դեպքում, եթե նրանք պաշտոնյա են, պարտավոր են տարեկան հայտարարագիր ներկայացնել, օրինակ չլինել կոռումպացված լինել թափանցիկ և հաշվետվողական, և հասարակությունը կարող է հետևել դրանց։ Եկեղեցականների պարագայում էլ այլ կանոններ են գործում, և քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը՝ հետևի այդ կանոնների պահպանմանը, թե չհետևի»։