Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:Բանաձևի նախագիծը պատրաստվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական անդամների կողմից:
ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում եղել է միակ երկիրը, որը հավանություն չի տվել բանաձևին:
Փաստաթուղթը բաղկացած է չորս կետից: Բանաձևը բովանդակում է «անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի պահանջ Գազայում, որը կպահպանեն բոլոր կողմերը», ինչպես նաև պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում:
Բացի այդ, բանաձևի նախագծի հեղինակները պահանջում են «անհապաղ և անվերապահորեն վերացնել Գազային մարդասիրական օգնության մատակարարման բոլոր սահմանափակումները, որոնք իրականացնում են ինչպես ՄԱԿ-ն, այնպես էլ նրա գործընկեր հումանիտար կազմակերպությունները»:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վարչակազմին բանաձևի նախագծի վրա վետո դնելու համար։
Իսրայելի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սաարը նշել է, որ բանաձևը «միակողմանի» է և «խափանում է պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու ԱՄՆ-ի ջանքերը»: