Condor ավիաընկերության` Պալմա դե Մալյորկայից դեպի Մյունխեն չվերթը իսկական փորձություն է դարձել ավելի քան 220 ուղևորների համար. տասը վայրկյան ուշացման պատճառով ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել:
Ինչպես հայտնում է Bild-ը, օդանավը պետք է վայրէջք կատարեր մինչև ժամը 0:30-ը: Սակայն այն խախտել էր Մյունխենի օդանավակայանում գիշերային վայրէջքի սահմանափակումները և ստիպված է եղել փոխել երթուղին։ Ուղևոր և Bild-ի լուսանկարիչ Դանիել Շարինգերի խոսքով՝ ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարում, և վայրէջքի շասսին իջեցված էր։
«Մենք ստիպված ենք ընդհատել վայրէջքը. 10 վայրկյան ուշացման պատճառով գիշերային վայրէջքի թույլտվությունն այլևս մեզ վրա չի տարածվում», - հանկարծ հայտարարել է օդաչուն։
Արդյունքում, օդաչուն ինքնաթիռի ուղղությունը շեղել է դեպի Հան օդանավակայան, որը գտնվում է Բելգիայի հետ սահմանի մոտ։ Դրանից հետո ուղևորներին գրեթե երկու ժամ ավտոբուսով տեղափոխել են Ֆրանկֆուրտ, որտեղից նրանք կրկին թռել են Մյունխեն։
«Այս տասը վայրկյանների պատճառով ես 12 ժամ անցկացրի ճանապարհորդության վրա։ Բյուրոկրատիան հաղթեց առողջ բանականությանը», - վրդովվել է Շարինգերը։
Բավարիայի տրանսպորտի նախարարությունը բացատրել է, որ կեսգիշերից հետո վայրէջքի թույլտվությունն իսկապես տրվել էր, սակայն երկարաձգման խնդրանքը չէր կարող բավարարվել։