Մենք հաստատում ենք բռնի տեղահանված ժողովուրդների՝ իրենց նախնյաց երկիր անվտանգ վերադառնալու իրավունքը. Բեռնի համաժողովի հայտարարությունը
Հունիսի 05, 2025

Մենք հաստատում ենք բռնի տեղահանված ժողովուրդների՝ իրենց նախնյաց երկիր անվտանգ վերադառնալու իրավունքը. Բեռնի համաժողովի հայտարարությունը

Օրեր առաջ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հայտարարությունը: Համաժողովին մասնակցել և բավականին ազդեցիկ ելույթով հանդես է եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:շ

«Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հայտարարությունը.

«Նախաբան․ Պատասխանատվության և արձագանքի շրջանակ

Եսայի 58:12 — « Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։»

Գաղատացիներ 6:2 — « Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։»

Հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանն ուղղված այս միջազգային համաժողովը հրավիրվել է ի պատասխան 2023 թվականին տեղի ունեցած հայ ժողովրդի բռնի տեղահանման և նրանց սուրբ ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ կրոնական համայնքների, գիտական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հնչեցրած հրատապ կոչերին։ Մարդկային արժանապատվության, կրոնի ազատության և մշակութային իրավունքների սկզբունքների վրա հիմնված համաժողովը ձևավորվում է միջազգային գործող իրավական հենքերի վրա՝ այդ թվում՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված Հակամարտության Ժամանակ Մշակութային Արժեքների Պաշտպանության վերաբերյալ և ՅՈւՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիաները։ Համաժողովն արձագանք է Հայ Առաքելական Եկեղեցու կոչին և կազմակերպվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից, որոնք ճանաչում են մշակութային ժառանգության, ինքնության և արդարության անքակտելի կապը։

Բեռնում կայացած այս հանդիպումն արտահայտում է ճշմարտության վկայության, հիշողության պահպանման և միջազգային համակարգված գործողությունների միջոցով մարդկության ընդհանուր ժառանգությունը պաշտպանելու հավաքական հանձնառությունը։

Ողբերգական կորստի ճանաչում և վկայություն տալու պարտականություն
Խորը ցավով ենք արձանագրում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից և շրջափակումից հետո Արցախի/ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը: Մենք վկայում ենք տրածաշրջանում հայ քրիստոնեական բազմադարյա ներկայության ջնջման, եկեղեցիների, գերեզմանոցների, հուշարձանների և այլ սրբավայրերի ու մշակութային վայրերի զանգվածային ոչնչացման մասին, ինչպես փաստագրել են անկախ կազմակերպություններ՝ Caucasus Heritage Watch, Save Armenian Monuments, Monument Watch և այլ մշակութային կառույցներ։

Բարոյական և Իրավական Պարտավորությունների Վերահաստատում
Միջազգային իրավունքի փորձագետների և մասնագետների դիտարկումները հաշվի առնելով՝ մենք վերահաստատում ենք, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ցեղասպան մտադրության նշան:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ապահովել հաշվետվողականություն և պաշտպանել մշակութային ու կրոնական ժառանգությունը՝ իրենց մանդատների համաձայն։

Մենք նաև հաստատում ենք բռնի տեղահանված ժողովուրդների՝ իրենց նախնյաց երկիր անվտանգ, արժանապատիվ և խտրականությունից զերծ պայմաններում վերադառնալու իրավունքը։

Հոգևոր և Միջկրոնական Պարտավորության Ընդգծում
Որպես եկեղեցիներ և կրոնական համայնքներ՝ մենք հավատում ենք, որ ժառանգության պաշտպանությունը միայն հուշարձանների պաշտպանություն չէ. այն հավատի, ինքնության և հիշողության կենդանի արտահայտություն է: Այս համաժողովում քրիստոնեական, հրեական, մահմեդական և եզդիական ավանդույթների կրոնական առաջնորդները միաձայնել են` շեշտելու, որ կրոնական ժառանգության պահպանությունը մեր ընդհանուր մարդկության արտահայտությունն է և հաշտեցման ուղի։

Մենք կարևորում ենք միջկրոնական համագործակցության դերը՝ տեղահանությունից, պատերազմից և մշակութային զտումից տուժած բոլոր մարդկանց ամոքելու, վստահության վերականգնման և արժանապատվության խթանման գործում:

Համակարգված Միջազգային Գործողությունների Կոչ
Մենք հորդորում ենք՝

ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ նախաձեռնել անկախ մոնիթորինգի առաքելություն՝ գնահատելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական վայրերի պահպանության վիճակը։
Կառավարություններին և միջազգային կառույցներին, մասնավորապես Շվեյցարիային, որտեղ անցկացվում է այս հանդիպումը, ձեռնարկել դիվանագիտական և իրավական քայլեր ԵԱՀԿ-ի և այլ կոնվենցիաների հիման վրա՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը, աջակցելու բնակչության վերադարձին իրենց երկիր և ակտիվ քայլեր կատարել նպաստելու Բաքվում գտնվող հայ պատանդների ազատմանը։
Համաշխարհային եկեղեցիներին և էկումենիկ կազմակերպություններին` շարունակել քարոզչական, իրազեկման և համերաշխության գործողությունները` համագործակցելով Հայ Առաքելական Եկեղեցու հետ։
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին` առաջնորդելու էկումենիկ ուխտագնացության կազմակերպումը դեպի Արցախի/ԼՂ-ի հայկական սրբավայրեր։
Ակադեմիական և մշակութային հաստատություններին՝ զարգացնել հայկական ժառանգությանը վերաբերող փաստաթղթերի, արխիվացման և կրթական ծրագրերի նախաձեռնությունները և կանխել հայկական մշակութային արժեքները որպես ալբանական կամ նախաադրբեջանական ներկայացնելու միջոցով պատմական փաստերի աղավաղումը:
Լրատվամիջոցներին` աչք չփակել Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կրած անարդարության վրա և զբաղվել ճգնաժամի նախապատմության խորը լուսամանմամբ:
Անցյալից Սովորելով՝ Գործել Ապագայի Համար
Դասեր քաղելով այս համաժողովին բարձրաձայնած մշակութային ոչնչացման և իրավունքների ոտնահարման այլ դեպքերից, այդ թվում` Կիպրոսի, Հունաստանի և Իրաքի օրինակներից, մենք հաստատում ենք հիշողության պահպանման և ինքնության պաշտպանության կարևորությունը՝ քաղաքական համակարգի փոփոխությունների և օկուպացիայի պայմաններում։

Երբ ժառանգությունը պաշտպանված է՝ այն կարող է դառնալ հաշտեցման աղբյուր։ Երբ այն ոչնչացվում է՝ խորանում է տրավման և անարդարությունը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր կիսվեցին տեղահանման, քաջության և տոկունության մասին վկայություններով, մասնավորապես Արցախի/ԼՂ-ի հայ համայնքների փրկվածներին և ներկայացուցիչներին։

Մեր Ընդհանուր Պարտավորությունները
Մենք պարտավորվում ենք՝

Շարունակական ջանքեր գործադրել հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության համար,
Կառուցել միջկրոնական և միջմշակութային դաշինքներ խաղաղության և արդարության համար,
Աջակցել անցումային արդարադատության մեխանիզմներին՝ ներառյալ ճշմարտության բարձրաձայնումը և հատուցումը,
Մոբիլիզացնելով մեր հաստատությունները, եկեղեցիները և ցանցերը` պաշտպանելու բոլոր կրոնական և մշակութային ավանդույթների սրբությունը:
Թող այս հայտարարությունը ծառայի որպես մեր ընդհանուր պատասխանատվության վկայություն և որպես համերաշխության, խղճի և հանձնառության կենդանի փաստաթուղթ։ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ ամբողջ մարդկությանը, և այն պաշտպանելը մեր հավաքական պատասխանատվությունն է:

Մենք այս հայտարարությունը հղում ենք բարի կամքի բոլոր դերակատարներին և խոստանում տարածել դրա ուղերձը քաղաքականության, աղոթքի և մարգարեական գործողության միջոցով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սրանից հետո ասելու եմ՝ «կաշառակեր» Ռոբերտ Քոչարյանը, թող գնան դատի տան․ Փաշինյան

Ռուսաստանը հարվածել է Խարկովին և Չեռնիգովին, կա 5 զոհ, 17 վիրավոր

«Պատրոն Դավոյին»՝ Դավիթ Գալստյանին պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում

Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը

Հյուսիսային Կորեան կշարունակի աջակցել Ռուսաստանին

Սպասվում է Պուտինի այցը Թեհրան

ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում հրադադարի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

Տարադրամի փոխարժեքները հունիսի 5-ին

Հռոմի պապը Պուտինին կոչ է արել ժեստ անել հանուն Ուկրաինայում խաղաղության

Մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ. Իրանը ձգձգում է շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը. Թրամփ

Թրամփը կասեցրել է Հարվարդի օտարերկրյա ուսանողների մուտքն ԱՄՆ

«Արդյո՞ք լիզում եմ թուրքի կոշիկները, արդյո՞ք վաճառել եմ Ղարաբաղը»․ Նիկոլ Փաշինյան

Թրամփն արգելել է 12 երկրի, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Ռոնալդուի գոլը Պորտուգալիային դուրս բերեց Ազգերի լիգայի եզրափակիչ