ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մայիսի 24-ին Զովունի գյուղի 1-ին և 16-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Կ.-ն, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ա.-ն:
Վթարի հետևանքով Գևորգ Կ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 104-ամյա Գրիգոր Ա.-ն, 60-ամյա Սուսաննա Ա.-ն և 69-ամյա Մարիամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ժամեր անց նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ Գրիգոր Ա.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկանակ կենտրոն, իսկ նշված բժշկական կենտրոնից էլ ահազանգել են ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ Գրիգոր Ա.-ն հիվանդանոցում մահացել է: