ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առաջընթաց է գրանցել Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ մոտ ապագայում տեղի կունենա բանակցությունների ևս մեկ փուլ, սակայն հստակ ժամկետ չի նշել։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի հետ, տեսնենք, թե ինչ կստացվի դրանից: Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ նորություններ ունենալ իրանական ճակատում: <...> Մենք իրական առաջընթաց ունենք, լուրջ առաջընթաց», - ասել է Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիից Վաշինգտոն թռիչքի ժամանակ:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ բանակցությունների հաջորդ փուլի օրն ու վայրը դեռ համաձայնեցված չեն։
Կողմերը մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի արտաքին գործերի նախարարը, որը միջնորդ է կողմերի միջև, ասել է, որ «որոշ, բայց ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել: Բանակցությունների գլխավոր խնդիրը մնում է Թեհրանի իրավունքը՝ պահպանել ուրանի հարստացման սեփական ծրագիրը պոտենցիալ համաձայնագրի շրջանակներում։