Ադրբեջանի հետ սահմանագծումը կարող է շարունակվել Սյունիքում
Սեպտեմբերի 12, 2025

Ադրբեջանի հետ սահմանագծումը կարող է շարունակվել Սյունիքում

By Սեպտեմբերի 12, 2025 0

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կարող է շարունակվել Սյունիքում. այս մասին վկայում են վերջին պաշտոնական հաղորդագրությունները։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք։

Արտգործնախարարությունը նշել էր, որ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով։

Հայտարարությունից հետո Sputnik Արմենիան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հետաքրքրվել էր, թե երկու երկրների պատվիրակություններն ի՞նչ տարածք էին այցելել։ 

«Երկու երկրների պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի մերձսահմանային տարածքներ՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում»,– պատասխանել են փոխվարչապետի գրասենյակից: 

Սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակը փաստացի չի տվել հարցի պատասխանը, թե դելիմիտացիայի և ականազերծման, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման մասին քննարկման ընթացքում որ շրջանների մասին էր խոսքը։

«Նշված հարցերը քննարկման փուլում են»,– միայն սա էր պատասխանը:

Հավելենք` հունվարի 16–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, այն է` պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս