Սիրելի՛ հայրենակիցներ, ինչ ուսումնական տարին սկսվել է, մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ նոր Այբբենարաններում չկա որևէ հիշատակում Մաշտոցի մասին, բացակայում է այբուբենը՝ որպես ամբողջական պատկեր: Առաջարկում եմ միասին տեսնենք՝ իրականում ինչ է տեղի ունենում, ինչ կա և ինչ չկա այբբենարանում: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:
Տեսանյութում նա բացում է այբբենարանի 23-րդ էջը, ապա QR-ը հեռախոսով սքանավորելուց հետո բացվում է Մեսրոպ Մաշտոցի մասին պատմող հոլովակ:
«Մաշտոցը ոչ միայն այբբենարանում առկա է, այլև հատուկ, իր ներկայացման համար տեսանյութ է մշակված, որը նաև երեխայի այն փուլում, երբ որ դեռևս բոլոր տառերը չգիտի և չի կարող տեքստեր կարդալ, շատ պարզ և հասանելի բացատրում է, թե ինչ նշանակություն ունի նա, և ընդհանրապես ինչ պետք է սովորի այբբենարանից», - նշում է ԿԳՄՍ նախարարը:
Նա ավելացրել է, որ իրենց ևս մեկ բանում են մեղադրում, այն է՝ բոլոր տառերը սովորելուց հետո այբուբենի ընդհանուր ներկայացման բացակայությունը այբբենարանում:
Անդրեասյանը բացեց նույն գրքի 104-րդ էջը, կրկին սքանավորեց QR-ը, որից հետո միացավ «Այբուբեն» վերնագրով երգ:
«Ինչպես տեսնում եք՝ Մաշտոցը ոչ միայն առկա է մեր գրքերում, այլև ներկայացված է ավելի վառ, գունեղ և հասկանալի առաջին դասարանի երեխաների համար, որոնք դեռևս տեքստեր կարդալու սովոր չեն և պատկերային այսպիսի նյութով շատ ավելի պարզ ու հստակ կկարողանան ըմբռնել կարևոր ուղերձները», - պարզաբանել է նա:
Նա հավելել է, որ աշակերտները այբուբենի մասին կարող են սովորել խաղային՝ երգի ձևով, որով, ըստ նախարարի, վստահաբար շատ ավելի լավ կմտապահեն: