Էլշան Իբրահիմովը, որը գլխավորում էր Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքը, արտաքսվել է Ռուսաստանից, հաղորդում է SHOT թելեգրամյան ալիքը։
Ըստ РЕН ТВ-ի՝ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից Բաքու թռչելուց առաջ Իբրահիմովը հայտարարել է, թե արտաքսվելու որոշումը լիովին անակնկալ էր իր համար։ Հարցին, թե ինչու են իրեն ճանաչել սպառնալիք ազգային անվտանգության համար, նա պատասխանել է, որ չգիտի պատճառները, բայց խոստովանել է, որ մի փոքր վշտացած է, որ հեռանում է այն երկրից, որտեղ ապրել է երեք տասնամյակ։
Ավելի վաղ՝ հուլիսի 4-ին, հայտնի դարձավ, որ Իբրահիմովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։
Արտաքսումը տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման պայմաններում։ Սվերդլովսկի մարզում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունից հետո առաջացած լարվածությունը շուտով հանգեցրեց Ադրբեջանում պատասխան գործողությունների, որոնց թվում՝ ռուսների, մասնավորապես՝ «Россия сегодня»-ի մաս կաղմող «Sputnik Азербайджан» գործակալության աշխատակիցների ձերբակալմանը: